ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ԻՄ ՄԻԱԿ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ԿԱՐՍՆ ՈՒ ԱՐԱՐԱՏԸ»

«ԻՄ ՄԻԱԿ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ Է, ՈՐՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ԿԱՐՍՆ ՈՒ ԱՐԱՐԱՏԸ»
07.05.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հյուրն է արցախյան ազատամարտի լեգենդար զորահրամանատար ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ (Կոմանդոս)
1992-ի մայիսի 8-9-ին իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը` Շուշիի ազատագրումը: Հայերը կարողացան երկու օրվա գրոհով ազատագրել այդ անառիկ բերդաքաղաքը, որը երեք կողմից պաշտպանված է լեռներով ու անդունդներով, և միայն անձնազոհ մարդիկ կարող էին այն գրավելու փորձ անել:
Շուշիի ազատագրման գործողությունը մշակվել ու ղեկավարվել է հայ տաղանդավոր ռազմական մասնագետների և ազատագրական պայքարի հերոսների կողմից` լեգենդար գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի ղեկավարությամբ: Գործողությանը նախապես տրվել է «Հարսանիք լեռներում» անվանումը: Գրոհելով միաժամանակ չորս ուղղություններով` հայ մարտիկներն աչքի են ընկել կազմակերպվածությամբ, բացառիկ խիզախությամբ ու վճռականությամբ և ազատագրել հայոց հինավուրց բերդաքաղաքը:
Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, նույն ինքը` ժողովրդի մեջ մեծ ճանաչում ունեցող Կոմանդոսը, արդեն 71 տարեկան է: Ծնվել է 1939-ի մայիսի 22-ին, Թիֆլիսում: Շուշիի ազատագրումը նրա կյանքի ամենավառ հաղթանակն է, մինչ օրս էլ չի կարողանում առանց հուզմունքի վերհիշել այդ օրերն ու խոսել դրանց շուրջ:
-Պարոն Տեր-Թադևոսյան,Դուք, փաստորեն, կարողացաք իրագործել անհնարինը` ազատագրել Շուշին: Հավատո՞ւմ էիք հաջողությանը։
-Պարզապես հասկացա, որ եկել է պահը, վտանգն օրեցօր մեծանում է, և այլևս չի կարելի ժամանակ կորցնել: Որպես հայ և զինվորական` ես պարտավոր էի զինվորների կողքին լինել, իմ տեղը կռվի դաշտում էր, ես ինքս ինձ ասացի. «Ես պետք է ուղղություն տամ նրանց, օգնեմ` ինչով կարող եմ»: Ամեն անգամ, երբ լսում էի, թե ինչ դաժանություններ է իրականացնում անիծված թուրքը Շուշին զավթելուց հետո, ինչպես են ռմբակոծվում Ստեփանակերտն ու շրջակա բնակավայրերը, սիրտս ցավից մղկտում էր: Ստեփանակերտի և հարակից գյուղերի բնակչությունն ամիսներ շարունակ ստիպված թաքնվում էր շենքերի նկուղներում` առանց լույսի և ջերմության: Շուշիի ազատագրումն Արցախի համար դարձել էր կյանքի ու մահվան խնդիր: Այլևս անհնար էր սպասել, Արցախը ձեռքից գնում էր:
-Անշուշտ, դա մի դժվարին ու բարդ գործողություն էր, որը հաղթանակով պսակելու համար անհրաժեշտ էր կանոնավոր զորք, մինչդեռ մերոնք թե՛ թվակազմով, թե՛ զենք-զինամթերքի քանակով ու որակով զիջում էին հակառակորդին: Ի՞նչ հրաշքով հաղթեցիք:
-Այո՛, նրանք գերազանցում էին մեզ և՛ զենքով, և՛ զորքով: Բայց, նայելով ղարաբաղցուն, հասկանում էի, որ իմ առջև այնպիսի հայ մարդ է կանգնած, ով ոչնչից չի վախենում, պատրաստ է կյանքը տալու, միայն թե պաշտպանի իր հողը, իր տունը, ընտանիքը: Թեև ստացել եմ իննամյա զինվորական բարձրագույն կրթություն ու զինվորական օրենքները լավ գիտեմ, այդուհանդերձ, պետք է խոստովանեմ, որ հենց Ղարաբաղում սովորեցի պաշտպանվելու ու հաղթելու գաղտնիքը, այն է` ունենալ կամք և ուժ, թեկուզ լինել թշնամուց քանակով շատ քիչ: Հաղթանակ տանելու համար գոնե պետք է երեք անգամ ավելի լինեինք հակառակորդից: Մենք ունեինք 70-ից ավելի ջոկատներ, որոնք բաժանվեցին հինգ խմբի: Չորսը նահանջեցին: Մնաց միայն մեկը: Եվ այդ ջոկատների հրամանատարները վստահ էին, որ այդքանով մենք Շուշին կվերցնենք: Իսկ ինձ, որպես զինվորականի, մնում էր բացատրել նրանց, որ դեռ պատրաստ չենք, որ հարկավոր է ինչպես հարկն է պատրաստվել և չշտապել: Բայց, ինչպես ասում են, ժողովրդի ազատատենչ ոգին այլևս չէր համբերում, նա պահանջում էր վերցնել Շուշին, ազատագրել մեր պատմական տարածքները: Թշնամին, որն իր հիմնական զինապահեստն էր դարձրել հայկական Ղազանչեցոց եկեղեցին, վստահ էր` մենք, հայերս, չենք ռմբակոծի սուրբ եկեղեցին, և բնականաբար ազատագրում տեղի չի ունենա: Բարեբախտաբար, գուցե Աստծո կամոք, նրանք, խուճապահար փախուստի ժամանակ, չհասցրին պայթեցնել եկեղեցին: Իսկ մենք մեր նպատակին հասանք առանց ավելորդ կորուստների: Մենք հաղթեցինք: Այստեղ արդեն մեծ դեր խաղաց ազգի հերոսական ոգին: Կհարցնեք` որտեղի՞ց ի հայտ եկավ այդ մարտական ոգին: Հայ զինվորն այն ձեռք էր բերել մեկ տարվա ընթացքում մղած տարբեր մարտերում, նա արդեն գիտեր` ինչպես դրսևորել իրեն մարտի դաշտում։ Հոգու խիզախությունն ամենակարևորն է զինվորի համար։ Դա էր պատճառը, որ մեր զինվորները 26 ժամվա ընթացքում ազատագրեցին մեր սիրելի, սակայն գրեթե անառիկ քաղաքը:
-Ո՞վ մշակեց գործողությունների պլանը:
-Պլանը ես եմ մշակել, թեև իմ կողքին շատ մարդիկ կային: Մենք գործել ենք այնպես, ինչպես սովորեցրել է զինվորական գիտությունը։ Ես, որպես զորահրամանատար, պետք է կազմեի պլան, անհրաժեշտ հրամաններ տայի և այլն, սակայն, նորից եմ կրկնում, այդ հաղթանակը մեր մարտիկների արժանի վաստակն էր: Նրանք գիտեին, թե ուր են գնում և ինչի համար են զոհվելու:
-Գործողությունը կրում էր «Հարսանիք լեռներում» անունը: Ինչո՞ւ «հարսանիք»։
-Դա կապված է իմ և Վազգեն Սարգսյանի` այդ օրերին ունեցած մի զրույցի հետ:
Ապրիլի 24-ին պայմանավորվել էինք Վազգենի հետ, որ Շուշին վերցնելու դեպքում ինքը կամուսնանա: Եվ ես խոստացա ինձ` ամեն գնով վերցնել Շուշին (այն ժամանակ միակ ճիշտ լուծումը Շուշին գրոհով վերցնելն էր): Եվ ահա, աշխատանքային պահերից մեկի ժամանակ շտաբ է մտնում Վազգեն Սարգսյանն ու հարցնում. «Տղերք, ի՞նչ բանի եք»: Զեկուցեցի, որ Շուշիի ազատագրման պլանի վրա ենք աշխատում: «Վախենամ` գլուխ չհանեք,- մտահոգ ասաց Վազգենը,- մեր տնաշեն պապերը քաղաքն էնքան անառիկ են կառուցել, որ դժվար թե…»։
-Որ հաղթենք` կամուսնանա՞ս,- հարցրի Վազգենին:
-Հա, կամուսնանամ, հարսանիքս էլ Շուշիում կանենք,- պատասխանեց:
Քանի որ Շուշին բարձր լեռների վրա է, որոշվեց գործողությունն այդպես էլ կոչել`«Հարսանիք լեռներում»:
Վազգենի հարսանիքը Շուշիում չկայացավ, բայց քաղաքի ազատագրումը կատարյալ էր:
-Եվ վերջին հարցը` ի՞նչն է Ձեզ ամենից շատ մտահոգում:
-Ես ընդամենը մի բան եմ ուզում, որ Կարսն ու Արարատն առանց խոչընդոտների վերադարձնեն Հայաստանին, թեև, ցավոք, այդ մասին ոչ մի պաշտոնական որոշում չկա: Կարևորը` ժողովուրդը գիտակցում է, որ դրանք անարդար են վերցված, և իր պահանջը կպնդի: Իսկ Կարսն ու Արարատը վերադարձնելը պետք է լինի նրանց պարտականությունը: Գլխավորը, որ նրանք ընդունեն Ցեղասպանությունը, մնացածը, կարծում եմ, կամաց-կամաց կլուծվի:
-Երբևէ կընդունե՞ն։
-Երբևէ` այո՛։
Զրուցեց Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ